Եվրամիության հետ երկխոսությունը շարունակվում է եւ կշարունակվի: Այս մասին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Սերբիայի ղեկավար Տոմիսլավ Նիկոլիչի հետ հոկտեմբերի 12-ին կայացած համատեղ ճեպազրույցի ընթացքում:

Պետության ղեկավարն անդրադարձավ օրերս Մինկս կատարած այցին եւ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին մասնակցությանը, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին համաձայնագրի ստորագրմանը:

Նախագահի խոսքով, որոշումն ընդունվել է՝ ելնելով հայրենի տնտեսության զարգացման եւ մրցունակության բարձրացման մի շարք հեռանկարներից: «Սակայն դա չի հակասում Եվրամիության հետ երկխոսությանը: Այն շարունակվում է եւ շարունակվելու է»,- ընդգծեց Սերժ Սարգսյանը:

Նա նշեց, որ ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը շարունակվում է, եւ այդ համատեքստում կարեւոր է զարգացնել երկկողմ հարաբերությունները եվրոպական երկրների հետ: