Ուկրաինան եւ Ռուսաստանը մոտ են գազային վեճի կարգավորմանը: Այս մասին գրում է unian.net-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյին:
«Հիմա մենք շատ մոտ ենք Ռուսաստանի Դաշնության հետ գազային վեճի կարգավորմանը: Հույս ունեմ, որ զգալի առաջընթաց կարձանագրվի հոկտեմբերի 17-ին, Միլանում»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:
Նա նշել է, որ գազային անվտանգության խնդիրը քննարկվելու է Խաղաղության ծրագրի եւ Մինսկի պայմանավորվածությունների կատարման հարցերի հետ միասին: «Մենք կարծում ենք, որ Ուկրաինայի առաջարկությունները հստակ են ու հիմնավոր: Մենք վստահ ենք, որ մոտեցել ենք այդ խնդրի լուծմանը»,- ասել է Պորոշենկոն:
Նախագահը, միաժամանակ, խնդրահարույց է համարում գրավյալ տարածքները գազով ապահովելը: «Այնտեղ մարդկանց մոտ դրամ հավաքվում է, սակայն Ուկրաինային չի փոխանցվում: Նաեւ սուր է էլեկտրաէներգիայի եւ ածխի հարցը: Էներգետիկայի եւ խաղաղության հարցերը փոխկապակցված են»,- ընդգծեց Պորոշենկոն:




























