Այսօր ՀՀ նախագահի նստավայրում կայացել են նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության կառավարության միջեւ տնտեսական, գիտական եւ տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եւ Սերբիայի Հանրապետության առեւտրի, զբոսաշրջության եւ հեռահաղորդակցության նախարարության միջեւ զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:
Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Տոմիսլավ Նիկոլիչն այնուհետ հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջեւ հայտարարությամբ:
Նախագահ Սերժ Սարգսյանի անունից՝ ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի, այսօր նախագահի նստավայրում տրվել է պաշտոնական ճաշ:
Առավոտյան Սերբիայի նախագահն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին եւ հարգանքի տուրք մատուցել անմեղ զոհերի հիշատակին:
Պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Նիկոլիչը հանդիպում կունենա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի հետ, որից հետո կմեկնի Արմավիրի մարզ, ծաղկեպսակ կդնի 1988թ. աղետալի երկրաշար¬ժին հաջորդած օրերին Հայաստանին օգնության շտապող եւ Երեւանի մատույցներում ավիավթարի հետեւանքով զոհված յոթ սերբ օդաչուների հիշատակը հավերժացնող հուշարձանին, կայցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ հանդիպում կունենա Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, որով կավարտվի Սերբիայի Նախագահի պաշտոնական այցը Հայաստան:
Նախագահի նստավայրում տեղի կունենա նախագահ Տոմիսլավ Նիկոլիչին պաշտոնական հրաժեշտի արարողությունը:



































