Ռուսաստանի Կենտրոնական բանկը բանկերի առջեւ խնդիր է դրել՝ 5 տարվա ընթացքում կրկնապատկել կապիտալը: Այս մասին գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի Բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլինային:

«Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ վարկերի աճի տեմպերը բավարար կլինեն՝ տնտեսական աճը պահպանելու համար: Դրա համար բանկային համակարգը պետք է ավելացնի կապիտալը: Մեր գնահատականներով, 5 տարվա ընթացքում բանկերը պետք է կրկնապատկեն իրենց կապիտալը: Եվ հիմնականում դա պետք է անեն սեփականատերերը»,- ասել է Նաբիուլինան:

Կենտրոնական բանկի կանխատեսմամբ, 2014 թվականին բանկերը վարկային պորտֆելը կավելացնեն 15-17%-ով եւ հաջորդ տարի մինչեւ 11%-ով կդանդաղեցնեն աճի տեմպերը: