Թուրք հայտնի պատմաբան, Sozcu պարբերակի սյունակագիր Սոներ Յալչընն իր հերթական հրապարակման մեջ Քոբանիի իրադարձությունների համատեքստում Թուրքիայում քրդերի իրականացրած ցույցերի ու բռնությունների մեջ մեղադրել է նախագահ Էրդողանին եւ վարչապետ Դավութօղլուին:

Սոներ Յալչընը հրապարակման սկզբում հիշատակում է, թե ինչպես են Իրանում, Իրաքում եւ Սիրիայում տարբեր ժամանակահատվածներում տեղի ունեցել քրդերի զանգվածային կոտորածներ, սակայն Թուրքիայում ապրող քրդերը ոտքի չեն կանգնել եւ չեն ըմբոստացել դրանց դեմ: 
«Այո, հիմա էլ «Իսլամական պետություն» խմբավորումն է կոտորում քրդերին, սակայն ի տարբերություն նախկինների, այս անգամ Թուրքիայի քրդերը Սիրիայի քրդերի կոտորածի դեմ ոտքի են կանգնել: Իսկ ինչու նախկինում ոտքի չէին կանգնում: Որովհետեւ նախկինում Թուրքիան հեռու էր Մերձավոր Արեւելքի գլխացավանքներից: Կրակների, պատերազմների միջով անցած Մուսաթաֆա Քեմալի քաղաքականությունը Թուրքիային չէր խցկում Մերձավոր Արեւելքի արյունոտ ճահիճ:

Իսկ այսօր...  Նեոօսմանյան երազանքներով տարված Էրդողանն ու Դավութօղլուն են Թուրքիան քարշ տվել արյան լճի վերածված Մերձավոր Արեւելք եւ միակ մեղավորները նրանք են:  Փողոցում կանգնած շարքային քուրդը բղավում է, որ Էրդողանն ու Դավութօղլուն աջակցություն են իսլամիստներին: Սո՞ ւտ է: Մի թե՞  Էրդողանն ու Դավութօղլուն չխառնեցին Մերձավոր Արեւելքը: Դավութօղլուն եւ Էրդողանը Թուրքիան դարձրեցին արյունոտ Մերձավոր Արեւելքի մի երկիր: Այս երկու թշվառները մինչեւ հիմա չեն հասկացել Մուսթաֆա Քեմալի «Հարեւանների հակամարտություններին մի մասնակցի» արտահայտության իմաստը: 

Դավութօղլուն եւ Էրդողանը Մերձավոր Արեւելքի արյան մեջ են թաթախել Թուրքիան եւ այդ արյունը մաքրելը հեշտ չի լինելու: Այսօր իսլամիստների դեմ դուրս եկած քուրդը այրում է Թուրքիան:  Երբ կկտրվեն իսլամիստների օգնությունները, նրանք կբարկանան Էրդողանի ու Դավութօղլուի վրա եւ կայրեն Թուրքիան: Թուրքիան այրվում է, իսկ Դավութօղլուն եւ Էրդողանը հանդիսատեսի դերում են»,-գրել է Սոներ Յալչընը: