«Հակահարված» խմբի անդամ Արտակ Գեւորգյանին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ի սահմաններում բերման են ենթարկել փողոցն աղտոտելու կասկածանքով։ NEWS.am-ի հետ զրույցում Արտակը պատմեց, որ իրեն բերման են Տերյան փողոցից, որտեղ ինքը ներկա է գտնվել ֆոտոլրագրող Նարեկ Ալեքսանյանի լուսանկարների բացօթյա ցուցահանդեսին։

«Մոտ 10-ից ավելի կարմիր բերետավորներ մոտեցան, ասեցին՝ դու ես կպցրե՞լ էս նկարները, ասեցի՝ չէ: Ասեցին՝ բա ո՞վ, ասեցի՝ չեմ ուզում պատասխանել։ Բերետավորներն ահավոր լկտի պահվածքով կանդալեցին ձեռքերս ու շատ վատ ձեւերով տարան ոստիկանության Կենտրոնի բաժին»,-պատմեց Արտակ Գեւորգյանը՝ նշելով, որ ոստիկանությունում իրեն ստիպել են կանգնած մնալ։ Ոստիկանությունում Արտակ Գեւորգյանի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են կազմել եւ 3 ժամ անց ազատ են արձակել: