Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ժամը 01.20-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ 10 միջպետական ավտոճանապարհի Մարտունի - Ներքին Գետաշեն հատվածի 4-րդ կմ-ում «ԳԱԶ-24» մակնիշի 25 ՏԼ 045 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Վթարի հետեւանքով վարորդ՝ 17-ամյա Ա. Գ.-ն եւ ուղեւոր՝ 20-ամյա Ա. Հ.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի ԲԿ, որտեղ Ա.Գ.-ն մահացել է, իսկ Ա.Հ.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարները գազազրկել եւ հոսանքազրկել են ավտոմեքենան: