Ռուսաստանի Զինված ուժերի կազմում կարող է մի քանի պահեստային բանակ հայտնվել, գրում է «Տրուդ» թերթը` մեջբերելով Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Ֆրանց Կլինցեւիչի խոսքերը:
«Այդ բանակների անձնակազմը, շարունակելով աշխատել տարբեր պաշտոններում, պարբերաբար մասնակցելու է զորահավաքներին, ինչպես նաեւ ամեն ամիս ստանալու է որոշակի գումար` պահեստային այդ բանակում գտնվելու համար», - պարզաբանել է Կլինցեւիչը:
Ըստ պատգամավորի` պահեստային բանակների անձնակազմերը պետք է պատրաստ լինեն «ցանկացած պահի գալ համապատասխան հավաքակայան, ստանալ զենք եւ մասնակցել նախապես ձեւավորված ստորաբաժանման գործողություններին»:
Թերթը նշում է, որ նորամուծությունը կբարձրացնի ռուսական բանակի մարտունակությունը:
Աղբյուրը հիշեցնոմ է, որ ակտիվ պահեստային բանակ ձեւավորելու փորձը գործում է արտասահմանյան մի շարք երկրներում, օրինակ` ԱՄՆ ազգային գվարդիան: Այն կազմվում է մշտական զորամասերում ծառայած քաղաքացիներից: Նրանք Պենտագոնի հետ պայմանագիր են կնքում մարտական պատրաստականությանը մշտապես մասնակցելու վերաբերյալ եւ շաբաթը մեկ անգամ հաճախում են պարապմունքների:




























