Վարդենիսում 32-ամյա տղամարդու սպանության մեջ կասկածվողը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նրանց փոխանցմամբ՝ 34-ամյա Սասուն Կարապետյանը ինքնակամ ներկայացել է  ոստիկանություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Վարդենիս քաղաքում ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված Արման Մանուկյանը, որը ժամը 19.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել է: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել էին, թե իրենց հայտնի է միջադեպին մասնակից անձանց ինքնությունը:

Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ որոնողական աշխատանքներ` նրանց հայտնաբերելու ուղղությամբ:

Իսկ Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ-ի 104-րդ (սպանություն) եւ 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուղիկ նյութեր ձեռքբերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների հատկանիշներով: 34-ամյա Սասուն Կարապետյանը ձերբակալված է: