Ռուսական շրջանների ղեկավարները ցանկանում են չեղարկել տեղական ինքնակառավարման բարեփոխումների շրջանակներում մունիցիպալ կազմավորումների ու շրջանների ղեկավարների ուղղակի ընտրությունները, գրում է «Պրոնեդրան»:
Աղբյուրի փոխանցմամբ, ուղղակի ընտրությունների չեղարկման մասին արդեն հայտարարել են Վոլոգոդյան, Չելյաբինսկի, Ստավրոպոլի շրջանները, ինչպես նաեւ Ալթայի Հանրապետության ղեկավարները:
Վոլոգոդի մարզպետը հայտարարել է, որ քաղաքային շրջանների ղեկավարերին կընտրեն վերեւից, իսկ խորհուրդների ղեկավարներին ուղղակի քվեարկության միջոցով կընտրեն քաղաքացիները: Ալթայի Հանրապետությունում կավելացնեն սիթի-մենեջերի պաշտոնը: Սիթի-մենեջերի ինստիտուտը կհայտնվի նաեւ Ստավրոպոլի երկրամասում, որտեղ առաջարկվում է մարզերի ղեկավարներին ընտրել պատգամավորների կազմից:
Տվերի մարզում նույնպես կհրաժարվեն տեղական ինքնակառավարման մարմինների ուղղակի ընտրություններից: Աստրախանի մարզում խոստանում են պահպանել ուղղակի ընտրությունները:




























