Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանի վիճակը նորմալ է, վտանգավոր ոչինչ չկա: Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Բաբայանը:
«Փսորիազն այնպիսի հիվանդություն է, որ սովորաբար կրկնվում է, այդ դեպքում պետք է գալ ու նորից բուժում ստանալ: Վտանգավոր ոչինչ չկա, Արսենի վիճակը լավ է»,- ասաց Կարեն Բաբայանը:
Թե երբ դուրս կգրվի Արսեն Խոջոյանը, հիվանդանոցի տնօրենը դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ հնարավոր է՝ հենց այսօր էլ դուրս գրվի:
Նշենք, որ Արսեն Խոջոյանը հիվանդանոց է տեղափոխվում արդեն 2-րդ անգամ: Օգոստոսի 30-ին էլ էր Արսեն Խոջոյանը ընդունվել այդ հիվանդանոց, նրա մոտ ախտորոշվել էր «վուլգար փսորիազ» հիվանդությունը: Սեպտեմբերի 12-ին Արսենը դուրս էր գրվել, սակայն մեկ շաբաթ անց նորից իրեն վատ էր զգացել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես:




























