ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մասնակցել է Երեւանում  աշխատանքներն սկսած՝  ԱՊՀ  անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի բացմանը եւ հանդես եկավ ողջույնի խոսքով:

Ընդգծելով, որ միգրացիոն գործընթացների կանոնակարգումը ՀՀ կառավարության գերակայություններից է՝ փոխվարչապետը ներկայացրեց վերջին տարիներին ոլորտում օրենսդրական եւ  ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ կատարված աշխատանքները:

«Հայաստանի կառավարությունը կարեւոր նշանակություն է տալիս միգրացիայի ոլորտում միջազգային, հատկապես՝ ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, որն արտահայտվում է  ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափով: Մեր երկիրը միացել է  ԱՊՀ շրջանակում գործող՝ միգրացիոն  ոլորտին վերաբերող բոլոր փաստաթղթերին: Հայաստանը հոկտեմբերի 10-ին ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը, եւ  այս տարածքում   ինտեգրացիոն գործընթացներով պայմանավորված՝ մեզ համար միգրացիայի ոլորտում  փոխգործակցության նոր հեռանկարներ են բացվում»,- ընդգծեց փոխվարչապետը:

Նա նշեց, որ  երկկողմ հարաբերությունների առումով Հայաստանը հատկապես սերտորեն է համագործակցում Ռուսաստանի հետ՝ որպես հայ միգրանտներին ընդունող հիմնական երկրի:

Փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ ԱՊՀ  անդամ պետությունների  միգրացիոն  մարմինների  ղեկավարների խորհրդի 16-րդ նիստում ընդունվելիք որոշումները եւս  դրական ազդեցություն  կունենան ԱՊՀ տարածքում միգրացիոն գործընթացների կանոնակարգման համար եւ արդյունավետ աշխատանք մաղթեց նիստի մասնակիցներին:

 ԱՊՀ  անդամ պետությունների  միգրացիոն  մարմինների  ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է միգրացիոն քաղաքականության ոլորտում փոխգործակցության  համակարգմանը  եւ  առկա խնդիրների  լուծմանը: Հայաստանում  խորհրդի նիստն անցկացվում է առաջին անգամ: