«Իսլամական պետություն» խմբակցության գրոհայինները ինտերնետում տեղադրել են բրիտանացի պատանդ Ջոն Քենթլիի հոդվածը, որում նա իր կառավարությանը խնդրում է  բանակցություններ վարել իրեն ազատելու առնչությամբ, գրում է NEWSru-ն:

Աղբյուրը նշում է, որ ԻՊ Dabiq ամսագրում հրապարակված հոդվածի հետ տեղադրվել է նաեւ գերի լրագրողի լուսանկարը` նարնջագույն հագուստով, որով գրոհայինները պահել էին նախկինում իրենց կողմից մահապատժի ենթարկած ամերիկացի լրագրողներին:

«Այժմ, եթե որեւէ բան կտրուկ  եւ արագ չփոխվի, ես իմ հերթին եմ սպասում», - մեջբերում է թերթը բրիտանացու նամակից հատված:

Քենթլիի անունից գրված հոդվածում նշվում է, որ «իր դժբախտության ընկերները» սպանվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի իշխանությունները չեն ցանկացել քննարկել իրենց ազատվելու պայմանները:

Աղբյուրը հիշեցնում է, որ գրոհայինները արդեն տեղադրել են Քենթլիի երեք տեսաուղերձ:

Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հրապարակել էին ամերիկացի լրագրողներ Ֆոուլիի եւ Սոթլոֆի մահապատիժները, որոնք պատանդ էին վերցվել Սիրիայում` 2012 եւ 2013թթ.: