Հայաստանի ԴԱՀԿ ծառայությունն այսօր, հանդիսանալով ՀՀ պետական համակարգի երիտասարդ կառույցների մեկը, իրավմամբ առավել կայացածներից է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի13-ին, «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» թեմայով միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձում նշել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Նա նշել է, որ Ազգային ժողովի 1998թ. ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով եւ 2004թ. ընդունած «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետությունում հիմնադրվել է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:
«Փաստացի հարկադիր կատարման ծառայությունն իր էությամբ ոչ միայն արդարադատության իրականացմանն օժանդակող, այլ դրա կատարումն ապահովող, արդարադատության իրականացումը երաշխավորող կառույց է, որի արդյունավետ աշխատանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության դատական համակարգի բնականոն կենսագործումը եւ քաղաքացիներին, իրավաբանական անձանց արդարադատության մատուցումը»,- ասել է Գալուստ Սահակյանը:
Նրա համոզմամբ՝ առանց ծառայության արդյունավետ գործունեություն հնարավոր չէ ապահովել ոչ դատական պաշտպանության իրավունքի, ոչ արդար դատաքննության իրավունքի երաշխավորումը, որոնց կարեւոր բաղադրատարր է դատական ակտերի ժամանակին եւ ճշգրիտ կատարումը:
«Այս տարվանից Ծառայությունը ստանձնեց նոր առաքելություն, այն է՝ անբողոքարկելի դարձած վարչական ակտի կատարումը: Նշված օրենսդրական փոփոխությունը, որն ուղղված էր դատարանների գերծանրաբեռնվածության նվազեցմանը, եւս մեկ կարեւոր քայլ էր ՀՀ արդյունավետ գործող դատական համակարգի կազմանավորման համար»,- ասել է ԱԺ նախագահը:
Գ. Սահակյանը հատկանշական է համարել այն փաստը, որ հարկադիր կատարման ծառայությունը փաստացի ստանձնել եւ ապահովել է նշված նոր լիազորության կատարումը առանց առաջացնելու նոր որեւէ ֆինանսական ծառնաբեռնվածության ՀՀ պետական բյուջեի վրա, ինչը եւս մեկ անգամ վկայում է ծառայության արդյունավետ աշխատանքի մասին: «Այս առումով անհրաժեշտ է ընդգծել ծառայության կողմից իր առջեւ դրված խնդիրները լուծելիս տեղեկատվական տեխնոլոգիական ակտիվ ներգրավումը, ինչը կարեւոր գրավական է Հայաստանի Հանրապետությունում 21-րդ դարի պահանջներին համապատասխանող հարկադիր կատարման ծառայության ունենալու համար:
Վերջին տարիներին ծառայությունն ակտիվ եւ արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն իր առջեւ դրված խնդիրների լուծման գործընթացքում, այլ նաեւ միջազգային ասպարեզում՝ լայնորեն համագործակցելով ինչպես առանձին պետությունների հարկադիր կատարման ծառայությունների հետ, այնպես էլ դատական կատարողների միջազգային միության հետ: Նշված համագործակցությունն ապահովեց միջազգային լավագույն փորձի եւ գիտելիքների կիրառումը ծառայության ամենօրյա աշխատանքի մեջ»,- նշել է Սահակյանը
Պարոն Սահակյանի խոսքով՝ միջազգային ասպարեզում Ծառայության աշխատանքի լավագույն ցուցանիշն այն անհրաժեշտ նախադրյալների ապահովումն էր, որոնց հիման վրա Ծառայությունը 2015թ. կանդամակցի Դատական ակտերի կատարողների միջազգային միությանը:
Ամփոփելով վերոնշվածը՝ ԱԺ նախագահը համոզվածություն հայտնեց, որ Ծառայությունը չի բավարարվի նշված ձեռքբերումներով, այլ կշարունակի բոլոր անհրաժեշտ եւ հնարավոր գործողություններն ուղղված Հայաստանի Հանրապետությունում իրավական պետության պահանջներին համապատասխանող Ծառայության հետագա կայացման, կապահովի միասնական եւ արդյունավետ կատարողական ընթացակարգի՝ ընդլանելով իր ամենօրյա աշխատանքում անհրաժեշտ տեղեկատվական տեխնոլոգիաների ակտիվ կիրառումը:
Ելույթից հետո ՀՀ ԱԺ նախագահը Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի կողմից պարգեւատրվեց համաժողովի մասին խորհրդանշող հուշանվերով:




























