Իհարկե, Հայաստանում բազմաթիվ թերություններ կան, բայց չի կարելի ամեն անգամ դրա պատճառով իշխանափոխություն պահանջել: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ասուլիսի ժամանակ նշել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ անդրադառնալով իշխանափոխության պահանջին, որը հնչել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») որոշ ներկայացուցիչների կողմից:
Արա Աբրահամյանի համար ամենակարեւորը կայունությունն է Հայաստանի ներսում: «Այսօր, ինձ թվում է, մենք պետք է համագործակցենք Հայաստանի ներկա իշխանությունների հետ: Եթե խորհրդարանական եռյակն ունի ծրագրեր, թող ներկայացնեն դրանք, եւ եթե այդ ծրագրերը կնպաստեն երկրում տնտեսական իրավիճակի բարելավմանը, ինչու ոչ, մենք կհամագործակցենք նրանց հետ: Բայց երբ ասում են «մենք կանենք», դա բավարար չէ»,-ասել է ՌՀՄ ղեկավարը:
Նրա խոսքով՝ ՀՀ նախագահը անում է հնարավոր ամեն բան, որպեսզի երկիրը կայուն լինի ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական առումներով: «Ես որեւէ նորություն չեմ լսել որեւէ կուսակցությունից, ինչի մասին չի խոսել նախագահը»,-հավելել է Արա Աբրահամյանը:
Անդրադառնալով 2018-ի նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հաղթանակի շանսերին, նա նշել է. «Ես միայն կարող եմ ասել, որ նա շատ լավ, հայրենասեր քաղաքացի է եւ շատ լավ գործարար: Նա նույնպես անհանգստացած է Հայաստանում կայունության ապահովմամբ»:
Հարցին՝ արդյոք Ծառուկյանն արժանի հետեւորդ է Սերժ Սարգսյանի համար, Արա Աբրահամյանն արձագանքել է, որ ամեն մեկն իր տեղն ունի, պետք չի համեմատել մեկը մյուսի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ եթե իր թիմակիցներն ու գործընկերները, նաեւ հասարակությունը իրեն տեսնեն նախագահի թեկնածու, ինքը դրան պատրաստ է եւ մի քանի ամսում կարող է էական փոփոխություններ իրականացնել Հայաստանում:
Եթե գտնեն, որ իմ թեկնածությունը պիտի լինի նախագահի համար, ես դրան էլ եմ պատրաստ




























