Արդարադատությունը կլինի, քանի դեռ կատարվում եւ հարգվում են դատարանի որոշումները: Այս մասին, «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Դատական կատարողների միջազգային միության նախագահ Լեո Նետենը: 

Իր ելույթում Լեո Նետենը նշել է, որ իր համար պատիվ է մասնակցել այս համաժողովին, եւ դա վկայում է Դատական կատարողների միջազգային միության եւ Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության ծառայության բարձր մակարդակի արդյունավետ համագործակցության մասին: «Արդարադատությունը գոյություն կունենա այնքան ժամանակ, քանի դեռ կատարվում եւ հարգվում են դատարանի որոշումները։ Դատական կատարողի մասնագիտությունը բավարարում է արդարադատության իրավաչափ անհրաժեշտության պահանջը։ Այս պահանջը բավարարելու նպատակով մեր մասնագիտությունը, ինչպես նաեւ արդարադատությունն առհասարակ, պետք է մշտապես ինքն իրեն մարտահրավերներ նետի։ Այդ մարտահրավերը միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հնարավորինս պատշաճ բավարարել արդյունավետ եւ որակյալ արդարադատություն ունենալու պահանջը, առանց որի քաղաքակրթությունը քաոսի մեջ կհայտնվի։

Ձեր ընտրած թեման եւ դրա ներկայացման ձեւերը ցույց կտան, թե որքանով է դատական կատարողի մասնագիտությունն իրազեկ, որ այն կարեւոր նշանակություն ունի սոցիոլոգիական եւ տեխնոլոգիական զարգացումների կայուն ընթացքն ապահովող գործընթացներին աջակցելու եւ դրանք հնարավորինս վաղ կանխատեսելու հարցում», - ընդգծել է ԴԿՄՄ նախագահը։  Պարոն Նետենը տեղեկացրել է, որ միջազգային այս համաժողովի քննարկումները կշարունակվեն «Հարկադիր կատարման կարգի վերաբերյալ» 2014 թ. դեկտեմբերի 10–ին կայանալիք Առաջին համաշխարհային ֆորումի ժամանակ, որը կազմակերպվում է Դատական կատարողների միջազգային միության եւ Եվրոպայի խորհրդի Արդարադատության արդյունավետության եվրոպական հանձնաժողովի (ԵԽԱԱԵՀ) կողմից:

Լեո Նետենը շնորհավորել է Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության ծառայությանն ու ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանին միջազգային գիտագործնական համաժողովն արդեն երկրորդ անգամ պատշաճ մակարդով կազմակերպելու կապակցությամբ եւ հաջող ընթացք մաղթել նախատեսված քննարկումներին:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը Հայաստանի հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ դատական կատարողների միջազգային միության միջեւ համագործակցության եւ փոխադարձ կապերի զարգացման եւ ամրապնդման գործում ունեցած նշանակալի ավանդի համար Լեո Նետենին պարգեւատրեց Հայաստանի Հարկադիր կատարման ծառայության հուշանվերով՝  իր անվամբ եւ ծննդյան տարեթվով անվանական կոնյակով:

Հիշեցնենք, որ Դատական կատարողների միջազգային միությունը ունի 73 անդամ երկիր՝ 2015 թվականին Հայաստանի հարկադիր կատարման ծառայութունը կդառնա Դատական կատարողների միջազգային միության լիիրավ անդամ: Դեռեւս 2013 թվականի նոյեմբերին՝ Փարիզում կայացած Դատական կատարողների միջազգային միության խորհրդի նիստի ընթացքում, Միության նախագահ Լեո Նետենը Հայաստանի   Հարկադիր կատարման ծառայությանն  առաջարկել է համագործակցությունը շարունակել արդեն իսկ Միության անդամի կարգավիճակով՝ հաշվի առնելով ծառայության ունեցած հաջողությունները: Այս առաջարկը ողջունել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Ներկայում ընթանում  է անդամակցության համար սահմանված գործընթացը:

Ըստ օրակարգի՝ Այնուհետեւ կատարողական ընթացակարգի արդյունավետության բարձրացման նորարարական մոտեցումների վերաբերյալ ելույթ է ունեցել ՌԴ դատական կատարողների դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը:

Բացման պաշտոնական արարողությունից հետո համաժողովն անցել է օրակարգով նախատեսված հարցերի քննարկմանը: «Տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների կիրառումը հարկադիր կատարման գործընթացում. առաջընթաց եւ մարտահրավերներ» թեմայի շրջանակում զեկույցներով հանդես են եկել եւ իրենց երկրների փորձը ներկայացրել Հայաստանի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Բելառուսի, Շվեդիայի, Վրաստանի, Լատվիայի, Լիտվայի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները: