Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը մինչեւ հոկտեմբերի 15-ը Սերժ Սարգսյանին կներկայացնի հայեցակարգը: Այս մասին NEWS.am-ին ասաց սահմանադրագետ, մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:

Վարդան Պողոսյանի խոսքով՝ այլեւս հետաձգում չի լինելու եւ առաջիկա մեկ-երկու օրերին հայեցակարգը կներկայացվի նախագահին եւ հանրությանը:

«Հոկտեմբերի 10-ին եւ 11-ին Վենետիկյան հանձնաժողովը քննարկել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը՝ արժանացնելով հավանության եւ բարձր գնահատականի: Առաջիկա օրերին արդեն հանձնաժողովի կայքում կտեղադրվի իրենց եզրակացությունը նախագծի վերաբերյալ»,- ասաց սահմանադրագետը:

Վարդան Պողոսյանը նշեց, որ հայեցակարգի նախագծում ավելի հստակեցված է խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը. «Վենետիկի հանձնաժողովի կարծիքով՝ հարցը պետք է քննարկել քաղաքական ուժերի հետ»:

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումներին այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ-ն, ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» դեմ են արտահայտվել բարեփոխումներին: Եռյակի՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կազմակերպած հանրահավաքի թեմաներից մեկն էլ հենց Սահմանադրական բարեփոխումներն էին: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ նորից դեմ արտահայտվելով սպասվող բարեփոխումներին: