Եռյակ կոչվածը սպասարկում է Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի շահերին եւ աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում, ձախը չգիտի, թե աջն ինչ է անում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Նա նշեց, որ հոկտեմբերի 10-ին, երբ պետք է քննարկվեր ՀՀ-ի ԵՏՄ-ին անդամակցելու հարցը, հանրահավաք անցկացնելը դրսից ուղղորդված որոշում էր, եւ այս ամենի կողքին հանրահավաքում հնչած ամպագոռգոռ հայտարարությունները տեղ չունեն:
Հարցին, թե որպես Լեւոն Տեր-Պետրոսյանի մի ժամանակվա դաշնակից՝ կպատկերացնեի՞ք, որ նա Գագիկ Ծառուկյանի հետ կկանգեր մի հարթակում, Պետրոս Մակեյանն այսպես արձագանքեց. «Երբ 1996թ լինելով իշխանության մեջ, տարանջատվեցինք այն ժամանակ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունից եւ դարձանք ընդդիմություն, այնուհետեւ անձամբ ես չէի մտածում, որ հնարավոր է ճանապարհ գնալ նրա հետ: Լեւոն Տեր-Պետրոսյանը անկանխատեսելի է եւ 2008թ մենք դաշինք կազմեցինք: Ունենալով կառավարման համակարգի շուրջ տարակարծություններ, նրան պաշտպանեցինք՝ տեսնելով որ այլընտրանքը այդ պահին ինքն էր: Լեւոն Տեր-Պետրոսյանն այնքան անկանխատեսելի էր, որ 2011թ հրաժարվեց այդ հզոր շարժումից եւ ուղղություն վերցրեց իր խոսքով դեպի բուրժուադեմոկրատական հեղափոխություն՝ սպասարկելով օլիգարխիային: Ինչքան էլ զարմանալի լինի, Հայաստանում զարմանք հասկացություն այլեւս չի գործում»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե ինչպես կարող է ՀԱԿ-ը սպասարկել Ռոբերտ Քոչարյանի շահերը, հաշվի առնելով, որ նրանք մարտի 1-ի գլխաբվոր մեղավոր համարում են հենց երկրորդ նախագահին, Պետրոս Մակեյանը նկատեց, որ եռյակը սպասարկում է նաեւ Սերժ Սարգսյանին, ուղղակի այս փուլում ավելի շատ կարծես թե Քոչարյանի ընտանիքի շահերն է սպասարկում: «Հոկտեմբերի 10-ին մարտի 1-ի իրականացնողները եւ տուժողները նույն հարթակում էին, դա արդեն մարդկային արժեքների, բարոյականության խնդիր է: Վարդգես Գասպարին հանրահավաքի ժամանակ ճիշտ էր իրեն դրսեւորել, երբ ցուցանակներով ըմբոստանում էր»,-ասաց նա:




























