ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները:
«Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը: Դրանով իսկ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, եւ մեր առաջիկա խնդիրն է ոչ միայն ավելացնել արտահանման ծավալները դեպի Ռուսաստան, այլ նաեւ ամրապնդել գյուղատնտեսության ոլորտում առկա կապերը ԵՏՄ անդամ մյուս պետությունների հետ», - իր խոսքում նշել է նախարար Սերգո Կարապետյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարն այնուհետեւ ամփոփել է Մոսկվա քաղաք կատարած իր այցն ու հորդորել է ակտիվ աշխատել ՌԴ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Կարեն Ասոյանի հետ:
Խորհրդակցության ընթացքում նախարարը հանձնարարականներ է տվել այսօրվանից բացատրական եւ խորհրդատվական աշխատանքներ կատարել հանրապետության գյուղացիական տնտեսությունների հետ, որպեսզի 2015 թվականին ավելանան բանջարեղենային եւ բոստանային մշակաբույսերի ցանքատարածությունները, ինչպես նաեւ խաղողի սեղանի սորտի եւ պտղատու այգիների հիմնման ուղղությամբ:
Նախարարը նաեւ տեղեկացրել է, որ ՌԴ անասնաբուժական եւ ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել կենդանական ծագման մսամթերքի արտահանման արգելքի խնդրի լուծման ուղիները քննարկելու համար: Այդ նպատակով առաջիկայում Ռուսաստանի Դաշնություն կմեկնի ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը`տեղում իր գործընկերոջ հետ խնդիրները քննարկելու համար:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոլորտում առկա մի շարք այլ հարցեր եւս:




























