Ֆինանսների նախարարությունը հոկտեմբերի 1-10-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների եւ գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման եւ մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Ֆինանսների նախարարությունից տեղեկանում ենք, որ հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 18 ստուգումների արդյունքում արձանագրվել է 3 մլրդ 884.8 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԴԱՆԴԻ ՓՐԻՇՍ ՄԵԹԱԼՍ ԿԱՊԱՆ» ՓԲԸ՝ 3 մլրդ 809 մլն դրամ, «ՔՐԱՈՒՆ ՔԵՄԻՔԱԼ » ՍՊԸ՝ 9մլն դրամ, «ԱՐ-ԳՈ ՌԻԵԼԹԻ» ՍՊԸ` 8մլն դրամի, «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» ՍՊԸ՝ 5.6մլն դրամ եւ այլն:
Շրջանառությունների, գների եւ ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 34 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 20-ի մոտ՝ հսկիչ գնումներ եւ այլն: Աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու 6 ստուգումների արդյունքում հայտնաբերվել է 27 չգրանցված աշխատող եւ արձանագրվել է 12.5մլն դրամի հարկային պարտավորություն, այդ թվում՝ «ԱՐՄԵՆԻԱ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-ի մոտ 20 չգրանցված աշխատող՝ 12մլն դրամ: Չփաստաթղթավորված գործարքների մասով այլ հարկ վճարողների հարկային պարտականությունները չկատարելուն օժանդակելու բացահայտումներին ուղղված հարկային հսկողության շրջանակում հոկտեմբերի առաջին տասնօրյակում 3 հարկ վճարողի մոտ կատարվել է լրացուցիչ հարկային պարտավորությունների նախնական հաշվարկ՝ 45.5մլն դրամի չափով եւ նյութերն ուղարկվել են Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչություն: Այդ ընկերություններն արդեն ներկայացրել են ճշտված հաշվարկներ:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաեւ օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, հոկտեմբերի 1-ին տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 15 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրս գրման նկատմամբ հսկողության հետ, բյուջե հետ փոխհարաբերությունների ճշտության 3 ստուգում եւ 4 չափագրում, իսկ 169 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են:
Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է 7.4մլն դրամի տուգանք, իսկ ԲՍ-ների արդյունքում՝ 945.3մլն դրամ լրացուցիչ վճարման գումար, այդ թվում՝ «Ի ԷՄ ԷՅՋ ՔՈՆՍԹՐԱՔՇՆ»՝ 936.6 մլն դրամ, «Կոտայքի ճանապ.շահագ. եւ շինարարական»՝ 4.7մլն դրամ եւ այլն:




























