Գլխավոր մարտահրավերներից մեկը, որին Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ստիպված է բախվել Ռիչարդ Միլզը, հաջորդ տարի նշվող Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցն է, հաղորդում է allgov.com-ը:

Ինչպես հիշեցնում է հեղինակը, Սենատում լսումների ժամանակ իր ելույթի ընթացքում դիվանագետը չի արտասանել «ցեղասպանություն» բառը, սակայն նշել է, որ կաշխատի Թուրքիայի կողմից «փաստերի ամբողջական, ազնիվ եւ արդարացի ճանաչման» ուղղությամբ, որպեսզի երկու երկրները կարողանան խաղաղ եւ արդյունավետ հարաբերություններ հաստատել:

Ավելի վաղ, NEWS.am-ը հաղորդել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ռիչարդ Միլզի թեկնածությունը:

Ներկայումս Միլզը զբաղեցնում է Բեյրությում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալի պաշտոնը: Միլզը աշխատել է Փարիզում, Դուբլինում, Լոնդոնում, Բաղդադում, Իսլամաբադում: Դիվանագետը տիրապետում է ֆրանսերենին եւ ռուսերենին: