Երեւանում ընթանում է քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության եւ աղետների ռիսկերի նվազեցման ազգային կարողությունների հզորացման խնդիրների շուրջ երկօրյա աշխատաժողովը: Այն կազմակերպվել է ՀՀ քաղաքաշինության նախարարության եւ ՄԱԿ-ի համատեղ ջանքերով:

Առաջին օրը հնչել են զեկույցներ` համայնքների տարածական պլանավորման, կառույցների սեյսմակայունության, ՀՀ գեոտեղեկատվական համակարգի, բնակարանային քաղաքականության, բազմաբնակարան շենքերի կառավարման եւ այլ հարցերի շուրջ:

Աշխատաժողովի երկրորդ օրը նախատեսվում են զեկույցներ բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության բարձրացման ֆինանսավորման մեխանիզմների, էներգաարդյունավետության պլանավորման, համատիրությունների կարողությունների զարգացման, ինչպես նաեւ այս համատեքստում Երեւանում իրականացվող ծրագրերի եւ այլ խնդիրների վերաբերյալ:

Երկրորդ օրը զեկույցներով հանդես կգան քաղաքաշինության նախարարի տեղակալը, Երեւանի գլխավոր ճարտարապետը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի, Վերակառուցման Զարգացման Եվրոպական Բանկի Երեւանյան գրասենյակի, «Հաբիթաթ ֆոր Հյումանիթի» հայաստանյան հիմնադրամի եւ այլ միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: