Ռուսաստանը երկու հազար զինվոր է հետ կանչել Ուկրաինայի սահմանից, փոխանցում է «Ուկրաինսկայա պրավդան»` մեջբերելով Ռազմաքաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկի խոսքերը, որն այդ մասին գրել է Facebook-ում:
«Ռոստովի մարզից ՌԴ Մուրմանսկի մարզ մշտական տեղակայման են ժամանել 200-րդ մոտորհրաձգային գումարտակի ջոկատները», - հայտարարել է Տիմչուկը: «Շարունակում են ժամանել ՌԴ ԶՈՒ նոր ստորաբաժանումներ, այսինքն` զորքերի վերաբաշխում է տեղի ունենում», - նշել է նա:
Աղբյուրը նշում է, որ տեղի է ունենում 98-րդ օդադեսանտային դիվիզիայի, 137-րդ պարաշյուտա-դեսանտային գնդի եւ ՕԴԶ-ի հատուկ նշանակության 45-րդ գնդի ռոտացիա:
Հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 12-ին պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին հանձնարարել էր մշտական տեղակաման վայրեր վերադարձնել Ռոստովի զորավարժարաններում ուսումնավարժանքների մասնակցող զորքերը:





























