Ռուսաստանը Ուկրաինային առաջարկել է գազի դիմաց պարտքի մարման առավել ճկուն ժամանակացույց, գրում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին:

Պարզեցված ժամանակացույցի շրջանակներում Ուկրաինան, նախքան գազի մատակարարումների սկիզբը, պետք է 1,451 մլրդ դոլար վճարի, իսկ պարտքի մյուս մասը՝ մինչեւ տարվա վերջ: Պարտքի ընդհանուր գումարը կազմում է 3,1 մլրդ դոլար:

Ինչպես հիշում է աղբյուրը, Նովակը հավելել է, որ Ուկրաինան հայտարարել է Ռուսաստանի կողմից առաջարկվող կանխավճարով 5 մլրդ խմ-ի փոխարեն միայն 4 մլրդ խմ գազ գնելու պատրաստակամության մասին, ինչը չի համպատասխանում ռուսական շահերին:

Հիշեցնենք, որ Ուկրաինան հոկտեմբերի 8-ին «Գազպրոմի» հետ գազային հակամարտության կարգավորման, ինչպես նաեւ օգտագործված գազի դիմաց պարտքի մարման ժամանակացույցի իր առաջարկություններն ուղարկել էր Եվրահանձնաժողով: