Ֆրանսիացի պատգամավորը դատապարտում է ֆրանսիացի քաղաքական պատասխանատուների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող հալածանքը:
Դրոմի 1-ին ընտրատարածքի պատգամավոր Պատրիկ Լաբոնը խստորեն դատապարտել է ԱԺ-ում իր օգնական, Բուրգ լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ճնշումները: Ադրբեջանի ԱԳ Նախարարությունը դիվանագիտությանն անհարիր բառապաշարով քննադատել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակութային եւ հոգեւոր մայրաքաղաք Շուշիի հետ Բուրգ լե Վալանսի քաղաքապետի կողմից ս.թ. հոկտեմբերի 5-ին ստորագրված Բարեկամության Հռչակագիրը:
«Մարլեն Մուրիեի դեմ իրականացվող հալածանքը կրկին ակնառու են դարձնում ֆրանսիացի քաղաքական պատասխանատուների մոտ վախի մթնոլորտ հաստատելուն ուղղված ադրբեջանական վարչակազմի փորձերը, ինչպես վերջինս անում է սեփական ժողովրդի հետ: Մենք թույլ չենք տա մեզ վախեցնել նման սպառնալիքներով: Ես լիովին աջակցում եմ տիկին Մուրիեին եւ Բաքվի լծից ազատված ղարաբաղցի ժողովրդի հետ համագործակցություն հաստատելու վերջինիս նախաձեռնությունը», - հայտատարել է Պատրիկ Լաբոնը:
«Եթե խոսք է գնում սադրանքի մասին, ապա այն առկա է այն ամբարտավան կեցվածքում, որով բռնապետ Ալիեւը մտադիր է գալ Փարիզ սույն ամսվա վերջին: Կոչ եմ անում Նախագահ Հոլանդին ցուցաբերել խստագույն դիրքորոշում՝ Ֆրանսիայի ըմբռնումը պայմանավորելով աշխարհի վատթարագույն բռնապետություններից մեկը հանդիսացող Ադրբեջանի կողմից բոլոր քաղբանտարկյալների խոշտանգումներին վերջ դնելու եւ նրանց ազատ արձակելու հետ»-եզրափակել է նա:





























