Նորվեգիայում դրամատիկ սերիալ կնկարահանեն ահաբեկչության մասին, որը կազմակերպել էր 2011թ.-ի հուլիսի 22-ին Անդերս Բրեյվիկը: Այդ մասին գրում է «Վեստին»:

Ինչպես նշում է աղբյուրը, Բրեյվիկը կենտրոնական կերպար չի լինելու: Նկարահանումները սկսվելու են մինչեւ այս տարվա ավարտը: «Մեր նախագծի գլխավոր նպատակն է պատմել ոչ թե Բրեյվիկի մասին, այլ այն մասին, թե ինչպես է նորվեգացի հասարակությունն արձագանքում ահաբեկչություններին: Մենք կփորձենք ներկայացնել մեր երկիրը պատկերն այս սարսափելի իրադարձությունների պրիզմայի միջոցով»,- հայտարարել է ժապավենի ռեժիսոր Պոլ Սլետուանեն:

Սերիալի գործողությունները զարգանալու են հիվանդանոցներում, թերթերի խմբագրություններում, քաղաքի փողոցներում, ոստիկանությունում: Չնայած սերիալի հեղինակների բարի նպատակներին՝ ոչ բոլորն է աջակցում նախագծին:

Ինչպես հիշեցնում է աղբյուրը, Բրեյվիկի կազմակերպած պայթյունների հետեւանքով Օսլոյի կառավարական թաղամասում 8 մարդ է զոհվել: Քիչ անց ահաբեկիչը գնդակահարել էր 69 երիտասարդ նորվեգացու Ուտոյա կղզում, որտեղ երկրի աշխատավորական կուսակցության երիտասարդ ներկայացուցիչների հավաք էր: Հանցագործը 21 տարվա ազատազրկման էր ենթարկվել: Պատիժը կարող է անժամկետ երկարաձգվել: