«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ ներկայացուցիչները դեռեւս չգիտեն` ով է ներկայացնելու Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունում: ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային կներկայացվի երեք անդամներով եւ մեկ ձայնի իրավունքով: Սակայն ՀՀԿ-ի կադրերը, ինչպես պնդում են մեր աղբյուրները, այնքան նոսր են, որ երեք հոգու անուն այս պահին դեռ հայտնել չեն կարող: Մեր տեղեկություններով` հարցը իշխող Հանրապետականում դեռեւս չի քննարկվել ու գուցե առաջիկայում չքննարկվի էլ, որովհետեւ կոլեգիայում աշխատող հավանական թեկնածուների անուններ չկան: Ի դեպ, ԵՏՄ անդամակցության փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի երեք ներկայացուցիչներն իրենց գործառույթները կիրականացնեն մնիչեւ 2015 թ. վերջը: Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության համաձայնագրի խորհրդարանական քննարկմանը, որ ստորագրվել է Սերժ Սարգսյանի կողմից, «ՉԻ»-ի հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն ասաց, որ փաստաթուղթը ԱԺ կներկայացվի մինչեւ հունվար: Նա ասաց, որ ներպետական վավերացումը պետք է տեղի ունենա մինչեւ հաջորդ տարի: «Մենք, ըստ էության, պետք է հասցնենք մինչեւ հաջորդ տարվա հունվար ամիսն ավարտել ներպետական բոլոր գործընթացները», - ասաց Արտակ Զաքարյանը»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























