Առինջում հնչած կրակոցների դեպքով հարուցվել է քրեական գործ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Քննչական կոմիտեից:
Քրեական գործը հարուցվել է ՔՕ-ի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերի ( մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից սպանություն շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաեւ զուգորդված` շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով,) եւ 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ սարքեր ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել կամ կրել) մասի հատկանիշներով:
Տուժողները ամուսիններ են՝ 55-ամյա Լեւոն Ավետիսյանը եւ 51-ամյա Նունե Ավետիսյանը, ովքեր տուն վերադառնալու ճանապարհին են եղել: Քննչական կոմիտեից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ ամուսնուն սպանել են դիմահար կրակոցով, իսկ կինը մարմնական վնասվածքով հիվանդանոցում է: Քննությամբ արդեն պարզվել է, որ առերեւույթ հանցագործության մեջ կասկածվող անձինք եղել են երկու հոգով, նրանցից մեկը դիմակով էր, մյուսը՝ գլխարկով: Այժմ ձեռնարկվում են միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լեւոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ եւ 5,45 մմ տրամաչափի 11 դատարկ պարկուճ:
Հայտնաբերված գնդակը եւ պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:





























