Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցները կվերանայվեն հոկտեմբերի վերջին, գրում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով Մոսկվայում ԵՄ ներկայացուցիչ Վիգաուդաս Ուշացկասի խոսքերը:

«Պատժամիջոցները կվերանայվեն այս ամսվա վերջին: Որոշումները կկայացվեն Ուկրաինայի հարցում առաջխաղացումից, Մինսկի պայմանավորվածությունների կատարումից կախված», -ԵՄ-ի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում աղբյուրը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 8-ին ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Ջեյքոբ Լյուն հայտարարել էր, որ եթե Դոնբասում հրադադարը խախտվի, Ռուսաստանին տնտեսական խստացված պատժամիջոցներ կսպասվեն:  Նա, միաժամանակ, նշել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացումը դժվարանում է սեփական տնտեսության համար առկա ռիսկերի պատճառով: