Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանից ներկայացված դատավորի մրցույթի վերաբերյալ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ն  եւ մի շարք այլ կազմակերպություններ, փաստաբաններ այսօր կամ վաղը հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության անդամ, փաստաբան Տիգրան Եգորյանը:

Նա նշեց, որ պատրաստում են զեկույց, որտեղ մասնագիտական վերլուծության են ենթարկել անցկացված մրցույթը եւ դրա արդյունքները: Զեկույցը կհրապարակվի եւ այն հասանելի կդարձնեն նաեւ ԵԽԽՎ-ի համար: Փաստաբանը շեշտեց, որ դա հետեւանքներ է առաջացնելու թե՛ մրցութային  հանձնաժողովի անդամների, թե՛ որոշ հավակնորդների համար:

«Մեր զեկույցը հիմնված է բացառապես փաստերի վրա, մենք ձեռնպահ ենք մնալու  հայեցողական դիրքորոշումներ հրապարակելուց, մենք ներկայացնում ենք եւ ներկայացրել ենք բացառապես անհերքելի փաստեր, այդ մասին հայտարարությամբ հանդես եկավ հանձնաժողովի անդամներից Ռուբեն Մելիքյանը, նա եւս ընդունեց մեր հայտարարությունների փաստարկված լինելու հանգամանքը, նա ընդունեց, որ դրանք են եղել հանձնաժողովի օրակագի փոփոխության հիմքում», -ասաց Տիգրան Եգորյանը:

Հ/Կ անդամն ասաց, որ կլինի միայն փաստերի վրա հիմնված հայտարարություն եւ այստեղ խնդիրը փաստերն հաշվի առնել, չառնելն է: Զեկույցում նրանք անդրադառնալու են ամբողջ մրցույթին, հանրությանը հուզող բոլոր հարցերին: Հարցին, թե ինչ հույսեր եք կապում՝ ինչ-որ բան կփոխվի, թե անշրջելի է, Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ անշրջելի ոչինչ չկա: «Ցավալի է, որ Հայաստանի պետական իշխանությունը ստանձնած պետական մարմինները արդյունավետորեն չեն իրականացնում այդ առաքելությունը, պատշաճ քննության չարժանացնելով մեր կողմից ներկայացված փաստերը եւ ցավալի է, որ հնարավոր արդյունավետ միջոցներ կարող ենք ակնկալել եվրոպական ատյաններից», -ասաց փստաբանը:

Նա նաեւ նշեց, որ իրենք դիմել են բոլոր հավակնորդներին, որպեսզի պահանջեն իրենց գնահատման արձանագրությունները: Առայժմ տեղեկություններ չկան՝ ովքեր են միացել այդ կոչին:

Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ հաստատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը՝ համաձայն հավելվածի: Մրցույթում հաղթող են ճանաչվել նախկին օմբուդսմեն Արմեն Շուրայի Հարությունյանը, փաստաբան Արայիկ Գառնիկի Ղազարյանը եւ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Նիկողոսի Հարությունյանը: