Ազգային ժողովի պատգամավոր, «Առավոտի» լրագրող Մարգարիտ Եսայանը պատրաստվում է մեծ շուքով նշելու իր ամուսնության 30-ամյակը: NEWS.am-ի տեղեկություններով՝ միջոցառումը նախատեսված է հոկտեմբերի 24-ին երեւանյան հայտնի ռեստորաններից մեկում, հրավիրված է հայկական էլիտան՝ սկսած նախագահից, վարչապետից, ԱԺ նախագահից վերջացրած նախարարներով, պատգամավորներով:

NEWS.am-ի թղթակիցը զանգահարեց պատգամավորին՝ ճշտելու մեզ հասած լուրերի իսկությունը: Մարգարիտ Եսայանը հաստատեց, որ պատրաստվում է նշել իր մարգարտյա հարսանիքը: Նա հավելեց, որ հրավիրված են նրանք, ովքեր 30 տարի առաջ ներկա են եղել հարսանիքին, ինչպես նաեւ բարեկամներ, ընկերներ, հարեւաններ, կուրսեցիներ, «Առավոտի» գործընկերներ, պատգամավորներ եւ կուսակից ընկերներ, նա չգիտի՝ նախագահը, վարչապետը, Աժ նախագահը ներկա կլինեն, թե ոչ: Պատգամավորը հարսի զգեստ չի հագնի, քանի որ համարում է՝ այն կյանքում մեկ անգամ են հագնում: Մարգարիտ Եսայանը այդ օրը կհագնի բաց գույնի զգեստ, արարողությանը նախատեսվում են մի քանի անակնկալներ, օրինակ՝ ծաղկեփունջ նետել եւ այլն: Մնացած անակնկալները Մարգարիտ Եսայանը չբացահայտեց, որպեսզի դրանք շարունակեն անակնկալ մնալ: