Տյումենի նավթահորում արջը հարձակվել է 33-ամյա էլեկտրիկ Իգոր Յարիշեւի վրա, գրում է  LifeNews-ը:

Ըստ աղբյուրի՝ տղամարդը վարորդից պահանջել է իրեն տանել աշխատավայր, որտեղ մոռացել էր գործիքները: Մի քանի րոպե անց վարորդն աղմուկ եւ ճիչեր է լսել: Երբ շրջվել է, տեսել է, որ հսկա արջը Իգորին քարշ է տալիս աշտարակից, որտեղ նա բարձրացել էր փրկվելու հույսով:

Գիշատիչը էլեկտրամոնտյորին քարշ է տվել անտառ: Նրա հոշոտված մարմինը գտել են անտառում՝ աշտարակից 100 մետր հեռվում: Արջը մարմինը թաքցրել էր՝ հետագայի համար սննդի պաշար ապահովելու համար:

Հաջորդ օրը արջին սպանել են: Ենթադրվում է, որ ծեր արջը չի կարողացել իր համար սնունդ հայթայթել անտառում, այդ պատճառով էլ մարդաորսի է դուրս եկել: