Հոկտեմբերի 14-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագոuյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Տիան Չանչունին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Հանդիպմանը Նորին Սրբությունն իր գնահատանքը հայտնեց դեսպանին երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը, ինչպես նաեւ տարբեր ոլորտներում երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացմանը կարեւոր նպաստ բերելու համար: Վեհափառ Հայրապետը նաեւ գոհունակությամբ նշեց, որ անցնող տարիներին առանձնահատուկ ջերմությամբ են հատկանշված եղել հարաբերությունները Մայր Աթոռի եւ ՀՀ-ում Չինաստանի դեսպանության միջեւ:

Դեսպանն իր հերթին կարեւորեց երկու պետությունների գործակցության արդյունքում իրականացվող ծրագրերը` հավաստիացնելով Նորին Սրբությանը, որ պիտի շարունակի ջանքերը հայ-չինական կապերի առավել սերտացման համար:

Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Չինաստանի դեսպանը խոսեցին հայ-չինական պատմական առնչությունների, Չինաստանում հայ համայնքի, ինչպես նաեւ Հայ Եկեղեցու ազգապահպան առաքելության մասին:

Հրաժեշտ տալով դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը մաղթեց նրան նորանոր հաջողություններ հետագա դիվանագիտական գործունեության մեջ: