Նորվեգիայի խորհրդարանը հոկտեմբերի 14-ին կանանց համար պարտադիր զինծառայության մասին օրենք է ընդունել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով թագավորության ՊՆ-ի տարածած հայտարարությունը:

Աղբյուրը հիշեցնում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2015 թ.  հունվարի 1-ից, իսկ առաջին աղջիկ նորակոչիկները Նորվեգիայի բանակի շարքերը կհամալրեն 2016թ. ամռանը:

Այսպիսով, Նորվեգիան, նշում է աղբյուրը, դարձել է Եվրոպայի առաջին պետությունը եւ ՆԱՏՕ-ի առաջին անդամը, որն այդ քայլին է դիմել: «Սա պատմական որոշում է: Նորվեգիան տվյալ բնագավառի առաջամարտիկներից է, եւ մենք հպարտանալու բոլոր առիթներն ունենք», - երկրի պաշտպանության նախարարի խոսքերն է մեջբերում գործակալությունը:

Նորվեգիայում զորակոչի ենթակա են 18 տարեկանը լրացած աղջիկները:

Աղբյուրը նշում է, որ նորվեգացի կանայք հաճույքով ինքնակամ ծառայում են բանակում: Այս տարի ծառայության մեկնած 8 հազար հոգու 12,5%-ը աղջիկներ են: Նորվեգիայի ԶՈՒ շարքերում ծառայության ժամկետը նորակոչիկների համար  19 ամիս է, սակայն իրականում  չի գերազանցում 12 ամիսը: