ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոյի հետ աշխատանքային այցով Գյումրի այցելած՝ Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչ Էրիկ Ֆուրնիեն այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մարզպետ Ֆելիքս Ցոլակյանի հետ հանդիպմանը  հետաքրքրվել է, թե Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան ինչով նպաստում  Գյումրի քաղաքի խնդիրների լուծմանը:

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը պատասխանեց, որ տեղի բնակիչների կենսակերպի վրա ռազմաբազան առանձնակի ազդեցություն չունի։

«Ռուս զինվորականներն ապրում են էստեղ իրենց ընտանիքներով, սպայական անձնակազմն էստեղ ապրում է այնպես, ինչպես քաղաքի բնակչությունը, առանձնակի որեւէ բան մենք չենք զգում»,- ասաց Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:

Լրագրողների հարցին, թե որն էր ռուսական ռազմաբազայով հետաքրքրվելու պատճառը, Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը պատասխանել է. «Մեր խոսակցության մեխը, կարեւոր առանցքն այն է, թե ինչ միջոցներով է Գյումրի քաղաքն իր կենսագործունեության համար անհրաժեշտ պայմանները հայթայթում: Դրա համար էլ հարց տվեցի ռուսական բազայի հետ կապված, որովհետեւ եթե ասում ենք՝ բազա, դա նաեւ, բնականաբար, ձեռնարկություն է, եթե եկել, հաստատվել է, ուզում էի պարզապես հետաքրքրվել, թե արդյոք իր առկայությամբ տնտեսական առումով ինչ-որ մի առավելություն կամ օգնություն կարող է բերել քաղաքին, ես ի նկատի ունեմ աշխատատեղեր, զբաղվածություն»։

Նշենք, որ Էրիկ Ֆուրնիեն Շիրակի մարզպետի հետ քննարկել է մարզի խնդիրները եւ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես, բնակչության գործազրկության կրճատման հարցում։

«Այցիս նպատակներից մեկն էլ դա էր, որ փորձենք հասկանալ, թե ինչ ոլորտներում կարող ենք համագորակցել, վստահ եմ, որ մեր համագործակցությունը դրական ազդեցություն կունենա թե Գյումրիի, թե մեզ համար»- ասաց Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը: