Ռուսաստանը պատրաստ է ճանաչել Ուկրաինայի խորհրդարանի ընտրությունները, որոնք տեղի են ունենալու հոկտեմբերի 26-ին, հայտնում է Gazeta.ru-ն՝ մեջբերելով Դաշնության խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Վլադիմիր Ջաբարովի խոսքերը։
«Կարծում եմ, որ մենք կճանաչենք այդ ընտրությունները։ Ինչ էլ որ ասեն Ուկրաինայի եւ Արեւմտյան Եվրոպայի տաքալուխները, մենք չենք կարող Ուկրաինան սայլակին դնել եւ հեռանալ։ Իհարկե, միջխորհրդարանական հարաբերությունները կհարթվեն, քանի որ վատ խաղաղությունը լավ կռվից գերադասելի է», - ասել է Ջաբարովը՝ ընդգծելով, որ շատ բան կախված կլինի կայանալիք ընտրությունների արդյունքներից։
«Ռուսաստանն այդ ընտրությունները կարող է ճանաչել փափուկ կերպով», - Ռուսաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրին է մեջբերում թերթը։
«Վերջին ամիսներին մենք տեսանք, թե ինչպես մեկը մյուսի հետեւից հրաժարական տվեցին պաշտպանության նախարարները, թե ինչպես նրանցից վերջինն անհեթեթություն դուրս տվեց, թե իբր Ռուսաստանն ավիահարվածներ է հասցրել Լուգանսկի օդանավակայանի ուղղությամբ՝ նվազ հզորության միջուկային արկերով, սպառնացել Ուկրաինայում միջուկային զենք ստեղծել եւ այլն։ Լսեցինք, թե ինչպես սկզբում վարչապետն ասաց, որ Ռուսաստանին գազի դիմաց պարտքը չեն տալու, հետո՝ տալու են, հետո, որ Ուկրաինային ռուսական գազը պետք չէ։ Այսինքն՝ իշխանության եկած մարդկանց որակներն Ուկրաինան չափազանց դժվար կոնտրագենտ են դարձնում ոչ միայն Ռուսաստանի, այլեւ եվրոպական երկրների համար», - մեջբերում է թերթը Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Ալեքսեյ Պուշկովի խոսքերը։




























