Առինջում հնչած կրակոցների գործը տեղափոխվել է Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեից:
Գործի նախաքննությունն այսուհետ կշարունակվի այնտեղ: Նախկինում այն քննվում էր Կոտայքի քննչականում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին, ժամը 20.05-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Առինջ գյուղում կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ անձինք Առինջ գյուղի Մհեր Մկրտչյան թաղամասի 2-րդ փողոցի սկզբնամասում հրազենից կրակոցներ են արձակել 1959 թ. ծնված Լեւոն Ավետիսյանի վարած «ԲՄՎ 530» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետեւանքով Ավետիսյանը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքից հիվանդանոցում մահացել է, իսկ նրա կինը` 1963 թ. ծնված Նունե Ա.-ն, «կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
Դեպքի վայրում հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի 1 գնդակ եւ 5,45 մմ տրամաչափի 11 պարկուճ:
Հայտնաբերված գնդակը եւ պարկուճներն ուղարկվել են ոստիկանություն՝ փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:




























