Ուկրաինան ծանրագույն իրավախախտում է կատարել՝ քաղաքացիական ինքնաթիռներին թույլ տալով թռչել երկրի  արեւելքում ծավալված ռազմական գործողությունների գոտիով, ինչն էլ հանգեցրց մալայզիական Boeing-ի աղետին: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ մեջբերելով Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

«Ուկրաինան է կրում իր օդային տարածքում տեղի ունեցած ամառային պատահարների ողջ պատասխանատվությունը: Իսկ եթե ինչ-որ պահի Ուկրաինան  չէր կարող վերահսկել իր տարածքի մի մասը, ապա Ուկրաինայի իշխանությունները պետք է խիզախություն ունենային եւ ասեին. Գիտեք, ընկերներ, մենք չենք վերահսկում այդ շրջանները՝ այնտեղ ռազմական գործողություններ են, եւ խնդրում ենք փոխել  թռիչքային քարտեզները: Նրանք դա չարեցին եւ միջազգային ավիացիոն իրավունքի տեսանկյունից դա ծանրագույն իրավախախտում է», - հայտարարել է Մեդվեդեւը:

Ռուսական կառավարության ղեկավարը հերքել է ավիաաղետի կապակցությամբ Ռուսաստանի հասցեին ուղղված բոլոր մեղադրանքները եւ նշել որ դրա պատճառները պետք է փորձագետները բացահայտեն:

Հիշեցնենք, որ Ամստերդամ-Կուալա-Լումպուր չվերթն իրականացնող Boeing 777-ը հուլիսի 17-ի երեկոյան վթարի էր ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի շրջանում: Ինքնաթիռի բոլոր ուղեւորներն ու անձնակազմի անդամները՝ 298 մարդ (մեծ մասը Նիդերլանդների քաղաքացիներ են), զոհվել էին: