Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը երկրի նախագահ ընդունում է միայն Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Ժողովուրդն ընտրել է Րաֆֆի Հովհաննիսյանին, հետեւաբար ես ուրիշ ոչ մեկին նախագահ չեմ տեսնում: Ինչ վերաբերվում է Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, այդ մասին ես չեմ խոսի»,- այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը` պատասխանելով հարցին, թե ինքը Գագիկ Ծառուկյանին տեսնում է` որպես նախագահի թեկնածու, թե ոչ:

Ընդդիմադիր պատգամավորը համոզված է, որ 2013թ-ի նախագահական ընտրություններին հենց «Ժառանգության» առաջնորդն է ընտրվել, հետեւաբար, նոր նախագահի մասին խոսելն անիմաստ է:

Նշենք, որ հոկտեմբերի 10-ի եռյակի համատեղ համապետական հանրահավաքից մեկ օր առաջ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում ասել էր. «Իմ մտքում կա 4-5 թեկնածու նոր նախագահի համար, որոնք արժանապատիվ մարդիկ են, եւ կարող են զարգացնել երկիրը. եթե հանրությունը, իմ գործընկերները  նրանցից մեկի թեկնածությունը պաշտպանեն, ես նրան կաջակցեմ: Իսկ եթե իմ թեկնածությունը դնեն, ես դրան էլ եմ պատրաստ: Պետությունը մի քանի ամսում կդրվի ճիշտ հիմքերի վրա: Մարդիկ դա կզգան իրենց առօրյայում: Այդ ժամանակ չեն լինի միանձնյա որոշումներ: Բոլոր կուսակցություններում կան անհատներ, որոնք շատ խելացի են, ազգի հարստությունն են, պիտի քննարկեն լսեն ու ճիշտ որոշում կայացնեն: Պիտի մարդիկ բարի լինեն լսելու, քննարկելու, որ ժողովուրդն իր վրա դա զգա»: