Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը թույլ չի տվել Հանրային հեռուստաընկերության «Խորհրդարանական ժամ» հաղորդմանը եթեր հեռարձակվի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի տեսակետը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմադիր պատգամավորը` անդրադառնալով իր` ընդդեմ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի վարչական դատարան գործողության կատարման հայց ներկայացնելուն: 

«Գալուստ Սահակյանը քաղաքական հետապնդում է սկսել մեր խմբակցության նկատմամբ` արգելելով «Խորհրդարանական ժամ» հաղորդմանը եթեր հեռարձակել իմ հայտարարությունը: Ինչ վերաբերվում է հայցին, ապա այն դեռ վարույթ չի ընդունվել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

Նշենք, որ այս հայցով «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը պահանջում է պարտավորեցնել կատարել գործողություն՝ ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ՝ 2014թ. սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնում կրկին նշանակված բանդիտի որակավորում ունեցող անձի՝ Սուրիկ Խաչատրյանի (հանրությանը առավել հայտնի Լիսկա մականվանմբ) մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարության նախագիծը դնել շրջանառության մեջ՝ այն ուղարկելով ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմ, հանձնաժողովներ, խմբակցություններ եւ պատգամավորական խմբեր: