Հայաստանը կատարում է Համաշխարհային բանկի եւ Արժույթի միջազգային հիմնադրամի առջեւ ստանձնած իր բոլոր պայմանագրային պարտավորությունները: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ՀՄ-ի եւ ԱՄՀ-ի տարեկան ժողովի արդյունքները ամփոփելով, լրագրողներին հայտարարեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նա հիշեցրեց, որ 2014-2017թթ. Հայաստանի եւ Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակներում տնտեսական զարգացմանն ու պետական կառավարման կատարելագործմանն ուղղված 13 ծրագրերի համար նախատեսվում է հատկացնել 711 մլն դոլար: Մասնավորապես, ծրագրված է 257 մլն դոլար ուղղակի բյուջետային աջակցություն, որոնցից 72 մլն դոլարն արդեն հատկացվել է 2013թ. դեկտեմբերին:
Նախարարը նաեւ հիշեցրեց, որ Հայաստանի եւ ԱՄՀ-ի ծրագրերի ներկայիս պորտֆելը բաղկացած է 115 մլն դոլար ծավալով ամենամսյա ֆինանսավորումից, որից 18 մլն դոլարն արդեն հատկացվել է հայկական կողմին:
«ՀԲ-ի եւ ԱՄՀ-ի ամենամյա ժողովի մասնակիցները նշեցին, որ համաշխարհային տնտեսության անկման ռիսկերը դեռեւս պահպանվում են: Համագործակցության առաջնահերթ ուղղությունները կլինեն նոր աշխատատեղերի ստեղծումն ու համընդգրկուն տնտեսական աճը: Հատուկ ուշադրություն կդարձվի մարդկային կապիտալի զարգացմանն ու շուկաների հասանելիությանը: Նշված ուղղությունները մեր տնտեսական քաղաքականության միջնաժամկետ նպատակներ են», - նշեց Կարեն Ճշմարիտյանը:




























