«Նոյեմբերի 5»-ի գործով դատական նիստին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան են գնացել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եկել եմ այստեղ պահանջելու Շանթ Հարությունյանի եւ իր ընկերների, բոլոր քաղբանտարկյալների ազատ արձակումը: Դա Սահմանադրության պահանջն է, ժողովրդի պահանջն է: Ես վստահ եմ, որ այն օրը կտեսնենք, երբ Շանթ Հարությունյանը եւ իր ընկերները կլինեն ազատության մեջ»,-NEWS.am-ին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ինքը դատարան է գնացել լսելու Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին:
«Ինչպես նախկինում ես այսօր էլ եկել եմ Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին տեսնելու, լսելու: Ես այստեղ չեմ եկել դատարանի նկատմամբ ունեցած ակնկալիքներով: Դատական պրոցեսների ընթացքում եթե մի բան ակնկալում եմ, ակնկալում եմ բացառապես Շանթ Հարությունյանից եւ նրա ընկերներից»,-NEWS.am-ին ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ նիստը դեռ չի չսկսված դահլիճում այլեւս տեղ չկա, ամբաստանյալների հարազատներից շատերն այլեւս չեն կարողանում մտնել նիստերի դահլիճ: Ի դեպ, Փաշինյանը դահլիճից դուրս եկավ՝ տեղը զիջելով ամբաստանյալների հարազատներին։
Այսօրվա դատական նիստին ամբաստնյալները հանդես կգան վերջին խոսքով:
Նշենք, որ դատարանի առջեւ ամբաստանյալների հարազատները եւ ընկերներն այսօր նույնպես բողոքի ակցիա էին կազմակերպել՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով: Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներից ոմանք ներկա կգտնվեն նիստերի դահլիճում, ոմանք պատրաստվում են դատարանի առջեւ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով աջակցել Շանթ Հարությունյանին եւ նրա ընկերներին:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։
Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը անչափահաս Շահեն Հարությունյանի համար առաջարկել է 5 տարվա, իսկ Շանթ Հարությունյանի համար՝ 7 տարվա ազատազրկում։




























