Թեեւ Հայաստանում իշխանափոխության պահանջը առաջ է քաշվում տարբեր քաղաքական ուժերի կողմից, տարբեր սրությամբ, այդուհանդերձ, այդ պահանջը առավել կոնկրետացվում է խորհրդարանական եռյակի կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսում նշել է Երեւանի մամուլի ակումբի ղեկավար բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ ՀՅԴ դիրքորոշման մասին դեռեւս դժվար է բան ասել, քանի որ այդ ուժը չի մասնակցել հոկտեմբերի 10-ի հանրահավաքին: «Ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է մեղմել դրված հարցերը, եռյակի մեջ հակասություններ գտնել, բայց ես նման հակասություններ չեմ տեսնում: Նույնիսկ այն հանգամանքը, որ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց Եվրասիական միության դեմ, դա ոչինչ չի ասում եռյակի միասնության տեսանկյունից, որովհետեւ ինքը՝ Հովհաննիսյանը այդ հարցը դիտարկեց իշխանափոխության տեսանկյունից»,-ընդգծել է Նավասարդյանը: