Անհետ կորածների որոնման եւ նրանց ընտանիքների աջակցության խնդիրը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուշադրության կենտրոնում է: Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ երեւանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հոկտեմբերի 15-ի մամուլի ասուլիսում:
Ծրագրերի ղեկավարը հիշեցրել է, որ տվյալները հավաքվել են 90-ականների սկզբից, բազան հավաքվել եւ համալրվում է: Տվյալների հավաքումը կատարվում է Հայկական կարմիր խաչի հետ համագործակցությամբ:
ԿԽՄԿ տվյալով՝ ԼՂՀ հակամարտության արդյունքում Հայաստանից գրանցվել է անհետ կորած ավելի քան 430 մարդ, Հայաստանից եւ ԼՂ-ից միասին՝ ավելի քան 800 մարդ, իսկ տարածաշրջանից՝ 4 հազար մարդ:
ՊՆ-ի հետ համագործակցությամբ անհետ կորածների հարազատներից վերցնում են ԴՆԹ-ն եւ տվյալների բազա ստեղծում, որը անհրաժեշտ է հետագայում կորածներին նույնականացնելու համար, երբ երկրների միջեւ երկխոսություն կսկսվի եւ հնարավոր կլինի հետազոտել գերեզմանները:
Զառա Ամատունու խոսքով՝ ԿԽՄԿ-ն նաեւ իշխանություններին օգնում է համապատասխան օրենք մշակել, որը կոչված է օժանդակել անհետ կորածների հարազատներին: Իր կողմից ԿԽՄԿ-ն նման ընտանիքների սոցիալ-հոգեբանական ծրագիր է իրականացնում: Մասնավորապես, ընթացիկ տարում 15 ընտանիքների ֆինանսական օգնություն է ցուցաբերվել բնակպայմանները բարելավելու համար:




























