Անհրաժեշտ է խուսափել «Եվրանեսթը» հիշյալ հարցի քննարկման եւ բախումների հարթակ դարձնելուց, քանի որ խորհրդարանական այս վեհաժողովը կոչված է քննարկել բոլորովին այլ հարցեր: Այս մասին, հոկտեմբերի 14-ին, Եվրոպական Խորհրդարանի պատգամավոր, «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում Եվրախորհրդարանի պատվիրակության նոր նախագահող Հեիդի Հաուտալայի հետ հանդիպման ժամանակ նշել է Հոկտեմբերի 14-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովից հայտնում են, որ շնորհավորելով նոր նշանակման կապակցությամբ՝ Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ Հեիդի Հաուտալան, ով աչքի է ընկել իր ակտիվ գործունեությամբ, կնպաստի «Եվրանեսթի» շրջանակներում համագործակցության խթանմանը։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են մի շարք հարցերի։ Մասնավորապես, Արտակ Զաքարյանը նշել է, որ «Եվրանեսթ»-ի հաջորդ նստաշրջանը տեղի է ունենալու Հայաստանում 2015թ. մարտի 16-20-ը ընկած ժամանակահատվածում, եւ այդ կապակցությամբ, հայկական կողմը նախատեսում է ստեղծել քարտուղարություն, որը կզբաղվի միջոցառման հետ կապված բոլոր հարցերով։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին՝ Արտակ Զաքարյանը ընդգծել է, որ անհրաժեշտ է խուսափել «Եվրանեսթը» հիշյալ հարցի քննարկման եւ բախումների հարթակ դարձնելուց, քանի որ խորհրդարանական այս վեհաժողովը կոչված է քննարկել բոլորովին այլ հարցեր։ Այս կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ այս ձեւաչափում աջակցելու է կառուցողական երկխոսությանը, այլ ոչ թե տուրք է տալու հակասություններին։

Արտակ Զաքարյանը Հեիդի Հաուտալայի ուշադրությունն է հրավիրել Եվրոպական Խորհրդարանի ԵՄ-Հայաստան, ԵՄ-Ադրբեջան եւ ԵՄ-Վրաստան խորհրդարանական համագործակցության կոմիտեի նոր նախագահի ընտրության հարցին, նշելով, որ «Եվրոպական կոնսերվատիվներ եւ ռեֆորմիստներ» կուսակցական խմբի կողմից առաջ է քաշվել ազգությամբ պակիստանցի, Բրիտանիայի քաղաքացի Քարիմ Սայադի թեկնածությունը, ով աչքի է ընկնում ադրբեջանամետ հայացքներով: Խնդրի առնչությամբ Արտակ Զաքարյան հայցել է տիկին Հաուտալայի օժանդակությունը` պաշտոնում մեկ այլ թեկնածու առաջադրելու համար, ինչի կապակցությամբ Հեիդի Հաուտալան նշել է, որ կցանկանար առավել շատ տեղեկացված լինել Քարիմ Սայադի որդեգրած ադրբեջանամետ դիրքորոշման մասին։