Երեք քաղաքական ուժերի («Ժառանգություն», ՀԱԿ, ԲՀԿ) հանրահավաքները հավանաբար կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ այդ ուժերը կարողանան մարդկանց հավաքել: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին հավաքված մարդիկ, որոնց թիվը բավականին տպավորիչ էր, այդ ուժերի անվերապահ կողմնակիցները չէին: Թեեւ հանրահավաքի կազմակերպիչներից մեկի ռեսուրսը բավականին զգալի դեր կատարեց: «Կարող էր լինել նաեւ եկեղեցու բացում, եւ նույնչափ մարդ կարող էր հավաքվել: Այսինքն հանրահավաքին հավաքված մարդկանց թվաքանակը դեռեւս ցուցանիշ չէ: Կային նաեւ հետաքրքրությունից դրդված ցույցի մասնակցող մարդիկ: Հետագա միտինգները ցույց կտան՝ խորհրդարանական ուժերի եռյակի կողմից առաջարկվող գաղափարները ինչպիսի արձագանք են ստանում հայ հասարակության շրջանում», - նշեց Բորիս Նավասարդյանը:

Հիշեցնենք, որ հաջորդ ցույցը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին: