«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Ալեք Պողոսյանը երթի օրը ոչ մեկին փայտով չի հարվածել, նրա մեղավորությունը չի ապացուցվել ոչ դեպքի օրվա տեսանյութերով, ոչ վկաների տված ցուցմունքներով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր պաշտպանական ճառում ասաց ամբաստանյալի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը:
«Վարույթն իրականացնող մարմինը հիմք է ընդունել միայն ոստիկանների ցուցմունքը, դրանք համարել է ճշմարտություն, իսկ ամբաստանյալների ցուցմունքները՝ անարժանահավատ: Նրանք մեղադրվել են այնպիսի ծանր հանցագործությունների կատարման մեջ, որոնք իրականում չեն կատարել: Ալեք Պողոսյանն իր ցուցմունքում նշել է, որ խուլիգանություն չի կատարել, որեւէ մեկին, առավել եւս ոստիկնաության աշխատակցին, փայտով չի փորձել հարվածել: Տուժող Հենրիկ Լոնսկին առերեսման ժամանակ նշել է, որ Պողոսյանն իրեն չի հարվածել: Տեսանյութում նույնպես չի երեւում, թե Ալեք Պողոսյանը հարվածում է որեւէ մեկի»,-ասաց պաշտպանը:
Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ մեղադրանքը կառուցված է միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա, նախաքննական մարմինն օբյետիվ քննություն չի կատարել, ամբաստանյալների ցուցմունքները հաշվի չի առել:
Պաշտպանը նշեց, որ Ալեք Պողոսյան իր խնամքին թոշակառու մայր, չաշխատող կին, հինգ անչափահաս երեխա ունի, նրա ընտանիքը սոցիալապես անապահով է, եւ դատարանից արդարացման դատավճիռ պահանջեց:
Նշենք, որ դատախազը 6 տարի ազատազրկում է պահանջել Ալեք Պողոսյանի համար:
Ըստ պաշտպանի՝ մեղադրողը «քոփի փեյսթ» եղանակով մեղադրանքի մեջ եղած հիմնավորումերը տեղադրել է իր մեղադրական ճառում։
«Մեղադրողն իր հայեցողությամբ ընտրել է այն ապացույցները, որոնք իր մտածելով կհիմնավորեին Պողոսյանի մեղքը, դրանք դրել է ճառի հիմքում: Նա անտեսել է Պողոսյանի պատիժը մեղմացնող հանգամանքները: Հիմնավորված չի, որ Պողոսյանը կատարել է 258-րդ հոդվածի 4 մասով հանցագործությունը»,-ասաց պաշտպանը:
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։




























