Հայաստանի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից մշակված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակվել է:
ՀՀ արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրապարակվել է նաեւ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) եզրակացությունը՝ անգլերենով, ինչպես նաեւ եզրակացության ոչ պաշտոնական թարգմանությունը՝ հայերենով:
Եզրակացության ամփոփիչ հատվածում մասնավորապես ասվում է.
«- Հայեցակարգի նախագիծը լավ եւ արժեքավոր հիմք է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության բարեփոխման կոնկրետ առաջարկությունների փաթեթի մշակման համար, որը կամրապնդի ժողովրդավարական սկզբունքները եւ անհրաժեշտ պայմաններ կհաստատի երկրում իրավունքի գերակայության եւ մարդու իրավունքների հարգումն ապահովելու համար: Այն հիմնված է երկրի իրավիճակի համապարփակ եւ հետեւողական վերլուծության վրա:
- Նախագծի նպատակը երկիրը Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների լիարժեք իրականացմանը մոտեցնելն է: Չնայած այն կբերի զգալի փոփոխություններ, սակայն չի հանդիսանա ներկա սահմանադրական համակարգից հրաժարում: Այն կհենվի 2005 թ. ընդունված սահմանադրական բարեփոխումների վրա` շտկելով որոշ թերություններ, որոնք առաջացել են դրանց իրականացման ընթացքում:
- Նախագծում արտահայտված իրավական դիրքորոշումները համապատասխանում են Վենետիկի հանձնաժողովի ավանդական դիրքորոշումներին, եւ Վենետիկի հանձնաժողովը նշում է, որ տարբեր կարծիքների փոխանակման ընթացքում իր զեկուցողների արտահայտած տեսակետները հաշվի են առնվել:
- Համապարփակ սահմանադրական բարեփոխումներ կարելի է իրականացնել միայն հասարակության մեջ լայն կոնսենսուսի հիման վրա»:




























