Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հունիսի 20-ին մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած Գրիշա Խաչատրյանի գործով նշանակվել է դատաձգաբանական, դատաբժշկական, դատահետքաբանական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռեւս չի ստացվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից:
Նրանց փոխանցմամբ՝ միայն փորձաքննության եզրակացությունից հետո հնարավոր կլինի գնահատել հարցաքննված անձանց ցուցմունքների եւ ձեռք բերված այլ ապացույցների արժանահավատությունն ամբողջության մեջ:
«Գործը գտնվում է զինվորական քննչական վարչության վարույթում, գործով մեղադրյալ է պայմանագրային զինծառայող, սերժանտ Վարդան Կիրակոսյանը, ում մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ քրեական գործով օբյեկտիվությունը, բազմակողմանիությունն ապահովելու համար»,- հայտնեցին Քննչական կոմիտեից:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունիսի 20-ին, հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնվ. 1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ): Ավելի ուշ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին հայտնել էր, որ նախնական տվյալներով, Գրիշա Խաչատրյանը մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետեւանքով: Գրիշա Խաչատրյանի հարազատները պնդում են, որ նրան սպանել են:




























