«Նոյեմբերի 5»-ի գործով ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը ցանկանում է, որ դատարան հրավիրվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ գործով վկայություն տալու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում իր վերջին խոսքում ասաց ամբաստանյալը:

«Խախտելով ՀՀ սահմանադրությամբ սահմանված անմեղության կանխավարկածը՝ ԱՄՆ պաշտոնական այցի ժամանակ Կոլումբիայի համալսարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ինձ ու իմ ընկերներին անվանեց հանցագործներ եւ հայտարարեց, որ մենք պետք է դատապարտվենք: Ուստի ես միջնորդում եմ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին որպես վկա հրավիրել՝ գործի վերաբերյալ փաստերը պարզելու եւ մեզ առաջադրված մեղադրանքը ապացուցելու համար»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Ամբաստանյալն ասաց, որ ՀՀ իշխանությունները ԵՏՄ-ին անդամակցելով՝ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ դավաճանությունն են արել: Դիմելով ՀՀ քաղաքական ընդդիմադիր ուժերին՝ ամբաստանյալը նշեց, որ նրանցից ոչ մեկն ընդդիմություն չի կարող կոչվել:

«Ես քաղբանտարկյալ եմ,  հալածվում եմ ՀՀ իշխանության կողմից: Այդ ամենը՝ հասարակության, մտավորականության, քաղաքական գործիչների անտարբերության շնորհիվ: Շարունակեք անտարբեր լռել, շարունակեք ապրել պատվազուրկ ստրուկների պես: Ոչ մի մտավորական, քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն թող իրեն իրավունք չվերապահի համարվել ընդդիմադիր, առավել եւս հեղափոխական: Պետությունն այս դահլիճում է ու նստած է ամբաստանյալների աթոռներին»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Անդրադառնալով դատախազի մեղադրական ճառին՝ ամբաստանյալը նշեց, որ դրանում մեղադրանքը հիմնված է իր ցուցունքի վրա, որում ինքը նշել էր, որ ստիպված է եղել համաչափ պատասխան տալ ոստիկաններին:

«Իմ այդ ցուցմունքից ելնելով՝ դուք պնդում եք, որ իմ մեղքն ապացուցված է: Բռնություն չգործադրեիք, ես էլ համաչափ պաշտպանվելու անհրաժեշտություն չունենայի»,-ասաց ամբաստանյալը: 

Հիշեցնենք, որ դատախազ Գեւորգ Գեւորգյանը Արմեն Հովհաննիսյանի համար պահանջել է 4 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել Ազատության հրապարակից։ Ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Հարուցված քրեական գործի շրւջանակում մեղադրանք էր առաջադրվել 13 մարդու, այդ թվում՝ Շանթ Հարությունյանի եւ նրա անչափահաս որդու նկատմամբ։